Իմ անունից, որպես Գյումրիի քաղաքապետ, իմ փաստաբանի կողմից ներկայացված հրատապ միջոց կիրառելու դիմումի քննության շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թվականի հունվարի 22-ի որոշմամբ հարցեր է ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ կալանավայրում իշխանությունների կողմից իմ նկատմամբ դրսևորված վերաբերմունքի, ինչպես նաև ինձ արդյունավետ բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է Եվրոպական դատարանին պատասխան ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 29-ը։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ ես արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ զրկված եմ ազատության՝ իշխանությունների կամայական որոշմամբ։ Իրավապահ մարմինները և դատական իշխանության ներկայացուցիչները նպատակադրված կերպով խախտում են իմ և երկրի մյուս քաղաքական բանտարկյալների իրավունքները՝ զրկելով մեզ բանտում տարրական պայմաններից։ Նրանք ջանք չեն խնայում կատարելագործելու մահվան այն գործիքակազմը, որը յուրովի օգտագործում են յուրաքանչյուրիս նկատմամբ։
Այս իշխանությունները, որոնք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տանջող և սպանող արյունարբուներ են, թույլ չեն տալիս ինձ մասնակցել մեր եկեղեցու կիրակնօրյա պատարագներին։ Բացի այն, որ ինձ և մյուսներին պահում են անմարդկային պայմաններում, նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ինձ ստանալ պատշաճ բժշկական օգնություն՝ արգելելով անգամ շտապ բուժօգնության խմբին մտնել իմ խուց և տեղափոխել ինձ հիվանդանոց՝ բժիշկի ցուցման համաձայն։
Սա ոչ արդարադատության, ոչ էլ հումանիզմի բացակայություն է․ սա դանդաղ մարդասպանություն է։
Հորդորում և առաջարկում եմ Հայաստանի անկախ լրագրողներին և լրատվամիջոցներին՝ մտնել ԱԱԾ-ի մեկուսարան և սեփական աչքերով համոզվել, թե ինչ պայմաններում են պահվում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտված քաղաքական բանտարկյալները։ Այդ փաստերը ներկայացրեք միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև նրանց, որոնք կեղծ խաղաղության անվան տակ իրականում մորթում են Հայաստանը՝ աջակցելով օրվա իշխանություններին։ Նմանները ոչ թե Հայաստանի զարգացման մասին են մտածում, այլ իրենց քաղաքական և տարածաշրջանային շահերի մասին։
Ուստի օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի և Ռուսաստանի ազդեցիկ քաղաքական գործիչների հրապարակային հնչեցրած մտահոգությունները՝ իմ և Հայաստանի մյուս քաղաքական բանտարկյալների վերաբերյալ, մեկ նպատակ ունեն՝ արթնացնել ձեզ, կոչ անել լինել զգոն առաջիկայում սպասվելիք քաղաքական վերադասավորումների և աշխարհաքաղաքական իրադարձությունների նկատմամբ։
Սիրելիներս, ես մեծ հավատքով պայքարում եմ և չեմ ընկրկում։ Հորդորում եմ լինել զգոն, աչալուրջ և ուշադիր։ Օրվա իշխանությունները փորձել են մեզ լռեցնել, բայց չեն կարող լռեցնել ժողովրդի արդար ցասումը։ Սթափ գնահատեք իրավիճակը, համադրեք փաստերը։ Առջևում շատ անելիքներ կան, որոնցից կախված է լինելու մեր սուրբ հայրենիքի ապագան։
Գյումրի համայնքի ղեկավար, քաղաքապետ
Վարդան Ղուկասյան