Հայաստանը՝ Ադրբեջանի «բնական դաշնակից»

Օրերս իշխանական ճամբարին միացած նախկին ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության եթերում, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը «բնական դաշնակիցներ» են, կարելի է ընկալել որպես գործող իշխանության արտաքին քաղաքական տրամաբանության բաց տեքստային ձևակերպում։ Այս հայտարարությունը ոչ թե անհատական կարծիք է, այլ իշխանական դիսկուրսի մաս, որը նպատակ ունի նորմալացնել նախկին հակառակորդի հետ ռազմավարական մերձեցման գաղափարը և այն ներկայացնել որպես օբյեկտիվ, նույնիսկ «բնական» գործընթաց։

Երբ այդ թեզը համադրվում է Ադրբեջանի նկատմամբ բացասական քաղաքական-տեղեկատվական դիսկուրսի գրեթե լիակատար բացակայության, ինչպես նաև Ռուսաստանի դեմ համակարգային հակաքարոզչության առկայության հետ, ձևավորվում է հստակ քաղաքական պատկեր։ Խոսքը ոչ թե բազմավեկտոր արտաքին քաղաքականության, այլ թշնամի–բարեկամ առանցքների վերաձևակերպման մասին է։

Ում դեմ է ուղղված Հայաստան–Ադրբեջան տանդեմը

Ձևավորվող Հայաստան–Ադրբեջան տանդեմը չի կարող չլինել ուղղված երրորդ ուժերի դեմ։ Արևմուտքի քավորությամբ ստեղծվող այս կառուցվածքի հիմնական թիրախը դառնում է Ռուսաստանը՝ որպես նախկին անվտանգության առանցքային դերակատար։

Միաժամանակ այս տանդեմը օբյեկտիվորեն սպառնալիք է նաև Իրանի տարածաշրջանային դիրքերին, քանի որ տրանսպորտային, էներգետիկ և անվտանգության բաղադրիչներով սերտացումը նպատակ ունի շրջանցել և թուլացնել Իրանի դերակատարումը։

Արդյունքում ձևավորվող առանցքը ոչ թե հաշտեցման նախագիծ է, այլ արտաքին կառավարվող գեոպոլիտիկական կոնստրուկցիա, որտեղ Հայաստանը օգտագործվում է որպես թույլ օղակ ավելի լայն հակադրության շղթայում։ Եթե հայ հանրությունը և քաղաքական էլիտան կամք ու հնարավորություն չգտնեն կտրուկ փոփոխությունների գնալու, ապա մեզ համար նախատեսվում է Ադրբեջանի առաջնորդությամբ հակառուսական ճակատում մսացու լինելու դեր։ Այդ փոփոխությունների բացակայությունը Հայաստանը կարող է վերածել աշխարհաքաղաքական աղետի գոտու, որտեղից դուրս գալու հնարավորությունները խիստ սահմանափակ են։

Ինչով է վտանգավոր Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միավորումը

Այս ռազմավարական մտահոգությունը սկիզբ է առել 2017 թվականին, երբ ՔՊ-ի հիմնադիր անդամ Ալեն Սիմոնյանը իր 10 փոփոխությունների ցանկում նշել էր «Հայաստան, Վրաստան, Ադրբեջան՝ մեկ միասնական կառույցների ստեղծում» կետը։ Այդ ժամանակ շատերը սա համարեցին անլուրջ մտքի շարադրում, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այն դարձավ իշխանության բերված ՔՊ-ի հռչակագիրը։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԱԺ ամբիոնից, որ «Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար», ավելացրեց իրական մտահոգության առարկա։ Սա արդեն լրջագույն հայտարարություն է, որը պետք է դիտարկել ոչ թե որպես փոխկապակցվածության, այլ ասիմետրիկ կախվածության մոդել։

Այս պարագայում Հայաստանը պատերազմում պարտված, անվտանգային ճեղքեր ունեցող և չվերականգնված ռազմական կարողություններով պետություն է, մինչդեռ Ադրբեջանը հանդես է գալիս որպես ուժ կուտակող, պահանջատիրական և վերանայողական դերակատար։ Արդյունքում էներգետիկ միավորումը չի ստեղծում հավասարակշռություն, այլ ամրագրում է ուժերի անհավասարությունը՝ այն տեղափոխելով ոչ ռազմական, բայց նույնքան ազդեցիկ ոլորտ։

Էներգետիկան ժամանակակից պետությունում պարզապես տնտեսության ճյուղ չէ, այլ իշխանության ենթակառուցվածք։ Ով վերահսկում է էներգետիկ հոսքերը, վերահսկում է նաև քաղաքական որոշումների կայացման միջավայրը։ Նման միավորման պայմաններում Ադրբեջանը ստանում է մշտական լծակ Հայաստանի ներքին կայունության վրա ազդելու համար՝ ճնշում գործադրելով ոչ թե բաց ռազմական գործողություններով, այլ կառավարվող ռիսկերով՝ անորոշություններով, տեխնիկական խափանումների սպառնալիքով, շուկայի մանիպուլացիայով։ Սա «կախվածության միջոցով զսպման» դասական օրինակ է, որտեղ թույլ կողմը սահմանափակում է իր մանևրի հնարավորությունները՝ ինքնիշխանության մի հատվածը հանձնելով հակառակորդին։

More From Author

Իզմիրլյան բժշկական կենտրոնում չեն թույլ տվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ստանալ Սուրբ Հաղորդություն

Երևանի իշխանությունը մեղադրում է քաղաքացիներին՝ ասելով, որ նրանք «չեն տեսնում» ձնամաքրման աշխատանքները