Այսօր մեր երկիրը կանգնած է իր պատմության ամենակարևոր քաղաքակրթական ջրբաժանից։ Այս հունիսին, մեր անկախության 35-րդ տարում, մենք կանգնում ենք այնպիսի ընտրության առջև, որը նախկինում երբեք չի եղել մեր պատմության ընթացքում։ Սա ոչ թե կենցաղային, ոչ թե քաղաքական կամ գաղափարական ընտրություն է, այլ՝ քաղաքակրթական։
Այս պահին մեր երկրի առջև կանգնած խնդիրը ոչ թե անձնական հաշվեհատուցումների կամ անցյալի վրեժխնդրության հարցն է, այլ՝ մեր պետության և ժողովրդի ապագայի հարցը։ Իրականությունը այն է, որ մենք այլևս չենք կարող ապրել անցյալի մոդելներով։ 2018 թվականից հետո աշխարհը, և հատկապես մեր տարածաշրջանը, փոխվել են անվերադարձ։ Ով չի հասկանում այս փոփոխությունը, բնական ճանապարհով կմերժվի։
Հայաստանը պետք է ստեղծի նոր ներքին, տարածաշրջանային և արտաքին քաղաքականություն։ Եթե մենք դա չանենք, մեր փոխարեն դրանք կառուցելու են ուրիշները։ Սա նշանակում է, որ պետք է կառուցել նոր հարաբերություններ ոչ միայն Ռուսաստանի և Իրանի հետ, այլև՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի հետ։
Հայաստանի համար առավելագույն կարևորագույն խնդիրն է հենց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հենց այս պահի իրավիճակը՝ «Չպատերազմ»-ը, ճիշտ կառավարելու համար։ Դրա հնարավորությունը կախված է հաջորդ իշխանությունից, որը պետք է ունենա այս ամենի գիտակցման և ռազմավարական տեսլականի հստակ պատկերացում։
Մեր երկրի ապագան կախված է ժամանակակից պետություն կառուցելու ճիշտ ուղղությունից։ Սա պահանջում է խիզախ, գրագետ քայլեր՝ առանց անցյալի ստվերների հետևից նայելու։ Դրա հիմքում պետք է լինի տնտեսական աճի ռազմավարությունը և երկրի դեմոգրաֆիկ վիճակի կտրուկ բեկումը՝ հայրենադարձության ալիքի միջոցով։ Եթե մենք չկատարենք այս քայլերը, մենք կհասցնենք, որ այսօրվա Հայաստանը դառնա անցյալի երազանք։
Այս պահին մենք ունենք երկու հստակ ընտրություն։ Մեկը՝ «բենզին՝ պարտության դիմաց» ապրելաբանաձևը, որը նշանակում է անկրակոց կյանք՝ թուրքական աշխարհի հովանու ներքո։ Սա արագորեն կհանգեցնի տնտեսական կլանման և դեմոգրաֆիկ բալանսի անվերադարձ խախտման՝ ադրբեջանցիների «վերաբնակեցման» հաշվին։
Երկրորդը՝ փոքր, ինքնիշխան, արժանապատիվ պետություն կառուցելու ճանապարհը, որը լավ հարաբերություններ է հաստատում իր բոլոր հարևանների հետ, երկիրը հանում է միջազգային էսկալացիայի քարտեզից և տանում է ժամանակակից պետության կառուցման ինտենսիվ քաղաքականություն։
Հավաքական ընդդիմության խնդիրն է՝ ժողովրդին ներկայացնել այս երկրորդ, քաղաքակրթական ընտրությունը։ Պետք է ստեղծել իրավիճակ, որ որևէ մեկը չկարողանա խուսափել այդ ընտրությունից։ Հասարակությունը պետք է իր վրա վերցնի իր ապագայի պատասխանատվությունը։
Այս ընտրությունը պետք է կատարվի ոչ թե էմոցիաների, այլ՝ հասարակական վստահության հիման վրա։ Հավաքական ընդդիմության թիմերը պետք է կազմվեն ներկայացուցչական, թիմային տրամաբանությամբ, և ոչ թե՝ կլանային կամ շքախմբային։
Մենք եկել ենք մի պահ, երբ անձնական հաշվեհատուցումները և անցյալի վրեժխնդրությունը դարձել են անիմաստ։ Խնդիրն այլևս անձը չէ, այլ՝ այս պահի քաղաքակրթական ընտրությունը։ Մենք պետք է մեր մեջ և մեզ համար ընտրություն կատարենք. բանտերում սրբազաններ հանդուրժող ա՞զգ ենք, եկեղեցու վրա հարձակումներ հադուրժող ա՞զգ ենք, թե՝ այլ։