Այսօրվա Հայաստանում ընտրում են վախի, հոգնածության և չպայքարելու տարբերակը։ Իմ տեսակետով, այս երևույթի կենսական մարմնացումն է Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է գալիս որպես ինքնահաղթահարման վախի և անհատական վախերի հայելին։ Նա այսօրվա հայ հասարակության բնազդների տիրակալն է, որը ապրում է վախերի մեջ և գտնվում է անորոշության խորը գոյացություններում։
Վախեցած և նվաստացած հասարակությունը, որը կորցրել է իր արժանապատվությունը, չի ընտրում լավագույնին, այլ՝ ամենաբարձր գոռացողին։ Ստի, արժանապատվության կորստի, պայքարող հնազանդության և անօրինականության խորհրդանիշն է՝ վախ աղքատությունից, անարդարությունից, պատերազմից, հերթական նվաստացումից։ Նիկոլ Փաշինյանը, որպես այդ համախտանիշի դրսևորում, ցույց է տալիս, թե ովքեր են մեղավորները՝ նախկին թալանչիները, սովետական հայրենասիրության մոդելը, հարևաններին գրգռող Արարատը, կուսակրոնները, ԿԳԲ-ն, ռուսները։ Նա մատնաշում է մեղավորներին և առաջարկում համակերպվել իր ստեղծած իրականությանը։
Մեր նվաստացումների մեջ մենք չենք մեղավոր, այլ ուրիշները, ինչպես պնդում է թուլամորթի հոգեբանության ինքնաարդարացումը։ Նրա հերոսը գերի հանձնված զինվորն է, իսկ մահը գերությանը նախապատվություն տվողը հերոս չէ, այլ արկածախնդիր՝ քաղաքական թշնամի, փորձանք հանրության համար։ Նա հասարակությանն առաջարկում է դառնալ գերի, իսկ դա լավագույնս կարող է կազմակերպել ինքը։
Սկզբունքայնությունը ծայրահեղականություն է, արժանապատվության լեզուն՝ արկածախնդրություն։ Զանգվածն ատում է նրանց, ովքեր իրեն ստիպում են մտածել։ Մտածելու կոչ անելն առաջացնում է ագրեսիա, ատելություն, պարզունակ պատկերացումների վրա հիմնված ներաշխարհը կասկածի տակ դնելու վտանգ։ Նա ազգից կերտում է զոհի կերպար. «մեզ միշտ խաբում են», «մեզ միշտ օգտագործում են» և ամենակարևոր՝ «մենք ոչինչ չենք կարող փոխել»։ Նա խոսում է պարզունակ, սև-սպիտակ երանգների մեջ, «նա մեր նման է», ինչն ավելի կարևոր է, քան «նա գիտի ինչ անելը»։
Պարտվողական մտածելակերպ, մշտական արդարացումներ, պարտությունն ընդունելու փիլիսոփայություն ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կարող հաղթողի էներգիա փոխանցել ոչ մի ոլորտի։ Նա տանուլ է տվել եկեղեցու դեմ պայքարի բոլոր օրինական միջոցները, արդեն վաղուց դիմում է ապօրինությունների ու սադրանքների օգնությանը։ Եթե որևէ քաղաքացի տուժի, մեղավորը, բնականաբար, սառույցը չէ, այլ՝ քաղաքային ձախողված կառավարումն է։