Ռուսաստանը չի համարում վտանգավոր Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը

Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում կողմնորոշում դեպի այնպիսի դաշինքներ, որոնք կարող են ռազմավարականորեն վնասել Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք ելնում ենք այն դրույթից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին կապերի դիվերսիֆիկացման գիծը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության դադարեցում կամ կողմնորոշում դեպի այն միավորումներ և դաշինքներ, որոնք ցանկանում են մեր երկրին ռազմավարական պարտություն հասցնել», – նշել է նախարարը։

Ըստ նրա՝ Ռուսաստանում վստահ են, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հասկանում են, որ Արևմուտքի՝ Բրյուսելի և Վաշինգտոնի՝ իբրև բարի մտադրությունների հետևում սառը հաշվարկ է։ ՌԴ ԱԳՆ-ի տեսակետով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար Հարավային Կովկասը, որը պատմականորեն և անքակտելիորեն կապված է Ռուսաստանի հետ, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ «ցավոտ կետ», որի վրա ճնշում գործադրելով կարելի է փորձել վնասել Մոսկվային։

Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են պատկառելի իրավապայմանագրային բազայի վրա, որն ամրագրում է դաշնակցային կարգավիճակը։ Նա նշել է, որ ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և աշխարհայացքային մտերմությունը։

«Մենք արդյունավետ փոխգործակցում ենք եվրասիական տարածքում ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին բերում է իրական, շոշափելի օգուտներ։ Միության գլխավոր առավելություններից մեկը հարցերի լուծումն է՝ հենվելով քաղաքական կոնյունկտուրային չենթարկվող փոխադարձ հարգանքի և անդամ երկրների շահերը հաշվի առնելու սկզբունքի վրա», – նշել է նախարարը։

Նա հավաստիացրել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Ըստ Լավրովի՝ ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները հանդես են գալիս որպես Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրեր։

Բացի այդ, նախարարը նշել է, որ Ռուսաստանը գործնականում վերահաստատում է իր դերը որպես առանցքային և հուսալի առևտրա–ներդրումային գործընկեր, Հայաստանի պարենային և էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Նրա խոսքով՝ ռուսական բիզնեսը երկրի սոցիալ–տնտեսական բարեկեցության կարևոր տարրերից մեկն է, իսկ Ռուսաստանի բաժինը Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ կազմում է մոտ 35 տոկոս։

More From Author

Երևանի դատարանը երկարաձգեց Արշակ Սրբազանի կալանքը և թույլ տվեց քրոջ երեխաների հետ հանդիպում

Իշխանության փոխակերպումը. Ընդունակությունից մինչև Ընդունակների իշխանություն