Վերջին օրերի իրադարձությունները, որոնք կապված են Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացված դատական գործընթացի հետ՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունների դադարեցմանը, խորը մտահոգություն են առաջացնում։ Սա այն դեպքերից է, երբ որոշումները պետք է գնահատել ոչ թե քաղաքական կամ պահի տրամաբանությամբ, այլ՝ պետական և ազգային շահերի տեսանկյունից։
Այսօր դժվար է չնկատել, որ Հայաստանում իրական, շոշափելի արդյունքներ արձանագրած եզակի ոլորտներից մեկը սպորտն է։ Տասնամյակներ շարունակ այս ոլորտում կատարված ներդրումները, համակարգային աշխատանքը և անձնական ջանքերը ձևավորել են այն հիմքը, որի վրա այսօր կանգնած է հայկական սպորտը։
Գագիկ Ծառուկյանի դերակատարումը այստեղ պարզապես պաշտոնական չէ։ Խոսքը վերաբերում է տարիներ շարունակ իրականացված գործնական քայլերին՝ մարզիկներին ապահովելով բնակարաններով և ավտոմեքենաներով, ինչպես նաև արդարության վերականգնում երբ ամենատարբեր իրավիճակներում փորձում էին շրջանցել օրինականությունը։
Ավելին, ընդամենը օրեր առաջ միջազգային հարթակում նրա հեղինակությունը ևս մեկ անգամ հաստատվեց, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ առաջարկեցին նրան ղեկավարել Եվրասիական մարզական ասոցիացիան և խնդրեցին չմերժել այդ առաջարկը։ Այսպիսով, արտերկրից խնդրում են, մերոնք՝ ներսում, դատարան դիմում են։ Սա գնահատական է ոչ միայն անձին, այլ նաև նրա կատարած աշխատանքի մասշտաբին։
Այս ֆոնին նման գործընթացների նախաձեռնումը ներսից անհասկանալի և անհեռատես է։ Երբ ունես կառուցող, արդյունք տվող համակարգ, ապա այն քանդելու կամ թուլացնելու ցանկացած փորձ հարված է հասցնում հենց պետությանը։ Սպորտը այն հարթակն է, որտեղ Հայաստանը հաղթում է, և այն թուլացնելը նշանակում է հաղթանակի հնարավորությունները նվազեցնել։
Այսպիսով, ես այս գործողությունները համարում եմ ազգային խայտառակություն և հենց այդ պատճառով՝ կոչ եմ անում ձեռքերդ հեռու պահել սպորտից։