ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, ցույց են տալիս, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Արսենի Կոնջորյանը, դատապարտվել է խարդախության համար։
Ըստ դատական ակտի՝ Ավետ Կոնջորյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «նախնական պայմանավորվածությամբ» և «խաբեությամբ հափշտակելու» համար տուժողի գումարը։ Դատարանը նշել է, որ գործողությունները կատարվել են «բնակարանի վաճառելու պատրվակով» և «չարաշահելով տուժողի վստահությունը»։
Հատկանշական է, որ դատական նիստի ընթացքում Ավետ Կոնջորյանը ինքն է հայտարարել, որ «միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանին, գիտակցում է արագացված կարգով դատաքննության հետևանքները, առաջադրված մեղադրանքն ինքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և ինքն իրեն մեղավոր է ճանաչում լիովին»։
2010 թվականի հունիսի 17-ին դատարանը Ավետ Կոնջորյանին մեղավոր է ճանաչել և նշանակել 4 տարվա ազատազրկում։ Հաշվի առնելով նախնական կալանքը՝ վերջնական պատիժը սահմանվել է 3 տարի 6 ամիս 8 օր։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 3 տարվա փորձաշրջան, իսկ կալանավորումը վերացվել է դատարանի դահլիճում։
Հարցերին, որոնք վերաբերում էին դատական գործին, մեղքի ընդունման հանգամանքներին և իր ներկայիս դիրքորոշմանը, պատասխանելու խնդրանքին Ավետ Կոնջորյանը հրաժարվել է։
Այս դրվագը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Հայկ Կոնջորյանի կողմից գնված առանձնատան հարցը։ Ըստ տեղեկությունների՝ պատգամավորը 2024 թվականի հուլիսին 54 մլն դրամով ձեռք է բերել Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասում գտնվող առանձնատուն, որի շուկայական արժեքը հաշվարկվում է մոտ 75 մլն 600 հազար դրամ։ Այս գործարքը կատարվել է այն պայմաններում, երբ առանձնատունը վաճառող «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենն ինքն է Ավետ Կոնջորյանը, որը նույնպես հիշատակվում է «Դատալեքս»-ում կատարված խարդախության գործով։