Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում տեղի ունեցած Եպիսկոպոսաց հավաքը, որը կայացավ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ, ավարտեց իր աշխատանքները։ Հավաքին մասնակցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության քսանհինգ եպիսկոպոսներ։

Մենք, Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության եպիսկոպոսները, գոհություն ենք մատուցում Երկնավոր Տիրոջը, որ շնորհը պարգևեց մեզ Մեծի Պահոց շրջանի մեկնարկին աղոթական միությամբ վերանորոգելու Իջման Սուրբ Սեղանի առջև կնքած մեր ուխտը և հոգևոր առանձնացումով զորանալու մեր սրբազան կոչման մեջ՝ ներկա խռովահույզ ժամանակներում առավել նախանձախնդրությամբ և պատասխանատվությամբ շարունակելու արդյունավորել մեր առաքելությունը՝ ի խնդիր Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդի հավատքի ամրապնդման և հոգևոր կյանքի զորացման։

Մենք խորը մտահոգությամբ ենք արձանագրում քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակված Հայոց Հովվապետի և վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից։ Նրանք հարկադրված էին տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին։

Հավաքին իրենց ուղերձներն էին հղել նաև Նվիրապետական մյուս Աթոռների գահակալները՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Եպիսկոպոսաց հավաքի եռօրյա նիստերի ընթացքում քննության առավ օրակարգում ընդգրկված հետևյալ նյութերը․- «Եկեղեցու առաքելությունը արդի ժամանակաշրջանում և առկա մարտահրավերները հայրենիքի և սփյուռքի մեջ» (զեկուցող՝ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան),- «Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացությունը և Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի մեջ» (զեկուցող՝ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյան),- «Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը քաղաքական շահարկումներից և ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները» (զեկուցող՝ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյան)։

Մենք վճռականորեն վերահաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները։ Հայոց Եկեղեցին, որպես «կենդանի Աստծո Եկեղեցի», ժամանակի պահանջներին համահունչ, ներքին բարենորոգությամբ միշտ կենսունակ է պահել Քրիստոսի Ավետարանը քարոզելու իր բուն առաքելությունը։

Մենք խորը մտահոգություն ենք հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝- դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները,- վերջ դնել շինծու մեղադրանքներով բռնաճնշումներին,- ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,- գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային օրենքներով՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը։

Մենք հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝ գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ։

Նաև կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և Քույր Եկեղեցիներին շարունակելու ջանքեր ներդնել պատանդառված հայորդիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ։

Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ Եկեղեցու միության։

Այս առիթով կոչ ենք ուղղում մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին՝ անսասան մնալու իրենց կոչման և ծառայության մեջ։

Վերջում հավաքի մասնակիցները հորդորում են հավատավոր ժողովուրդին՝ աղոթելու և հավատարմության պահպանելու համար։

More From Author

Գագիկ Ծառուկյանի հողատարածքում զննություն է կատարվում՝ Առինջի գործով կապված

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դատավճիռները և դրանց միջազգային արձագանքը