Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) տարեկան ժողովը։
Ժողովի նիստերը սկսեցին Ն.Ս.Օ.Տ.Տ.-ի ողջույնի և օրհնության խոսքից հետո, որից հետո նիստերի վարչական ղեկավարումը վստահվեց Վանական խորհրդի ատենապետ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին։
Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026 թվականի փետրվարի 17-19-ը տեղի ունեցած եպիսկոպոսական հավաքի մասին զեկուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։ Ըստ զեկուցի՝ հավաքին մասնակից եպիսկոպոսները քննարկել են Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցերը և ձևակերպել են մի շարք առաջարկություններ՝ ի նպաստ Եկեղեցու կյանքի կազմակերպման ու խնդիրների հաղթահարման։ ԳՀԽ-ն որոշեց կարելին ի գործ դնել հետամուտ լինելու խնդիրների կարգավորմանը՝ ընդգծելով, որ եկեղեցական կյանքում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրինական ու եկեղեցական-կանոնական ճանապարհով։
Մասյացոտնի թեմում առաջնորդի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նշվեց, որ կարգալույծ եղած Արման Սարոյանը իշխանությունների ապօրինի աջակցությամբ խոչընդոտում է թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։ Միաժամանակ արձանագրվեց, որ թեմի հոգևորականների մեծամասնությունը շարունակում է հովվական ծառայությունը՝ հավատարիմ մնալով եկեղեցական կարգաց և կանոնաց։
Եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ազատազրկված եկեղեցականների նկատմամբ նախաձեռնված քրեական, վարչական, քաղաքացիական գործերի ընթացքի վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին ի․գ․դ. տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի․գ․թ. տիար Արա Զոհրաբյանը։
ԳՀԽ-ն դատապարտեց ՀՀ իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Հայոց Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, շինծու մեղադրանքներով ազատազրկումները, ինչպես նաև պետական լծակների գործադրմամբ Եկեղեցու գործունեության արհեստական խոչնդոտների ստեղծման, սահմանափակման և եկեղեցական կյանքին ապօրինի միջամտությունների փորձերը։ Կարևորվեց Եկեղեցու իրավունքների և ինքնավարության, արդարադատության և ժողովրդավարական սկզբունքների հարգման ու պահպանության հրամայականը։
Անդրադարձ կատարվեց նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, որոնք սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը։ ԳՀԽ-ն մերժելի նկատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 2026 թվականի մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։
2026 թվականի սեպտեմբեր ամսին նախատեսվող Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման, օրակարգի և կազմակերպչական հանձնախմբի ձևավորման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների, առաջացած խնդիրների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։ ԳՀԽ-ն հաստատեց, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմանը։
Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանս