Իմ վերլուծության համաձայն, Իրանի դեմ ռազմական գործողությունների շուրջ ընթացող քննարկումները ծառայում են որպես քողարկում՝ թաքցնելով ԱՄՆ-ի և Իսրայելի իսկական, գլոբալ մտահղացումը, որն անմիջականորեն կապված է Չինաստանի հետ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաճախ նշում է, որ 40 տարի սպասել է հնարավորությանը՝ հարձակվելու Իրանի վրա։ Սակայն այս գործողության հիմքում ընկած չէ միայն Իսլամական Հանրապետության ոչնչացման կամ ռեժիմի փոփոխության ցանկությունը։ ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական նպատակն է պահպանել իրենց հեգեմոնիան՝ որը, ինչպես նշված է նրանց ազգային ռազմավարական փաստաթղթերում, սպառնալիք է կրում Չինաստանի կողմից։
Այսօր ԱՄՆ-ն տնտեսական մրցակցության մեջ զիջում է Չինաստանին։ Ուստի, Վաշինգտոնի և Թել Ավիվի ռազմական քայլերի հիմնական նպատակը համաշխարհային էներգետիկ շուկաների վրա վերահսկողություն պահպանելն է։ Սա նշանակում է վերահսկողություն ոչ միայն Իրանի, այլև Հորմուզի նեղուցի և նավթ արտադրող արաբական երկրների նկատմամբ։
Իսրայելի քաղաքականությունը, որը հաճախ դիտարկվում է որպես անկախ, իրականում հիշեցնում է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայում վարած քաղաքականությունը։ Բրիտանացիները հարյուրամյակներ շարունակ հիմնական նպատակ ունեին՝ Եվրոպայի ուժեղ պետությունների միջև պատերազմներ հրահրելը, նրանց բաժանելը և թուլացնելը՝ մնալով որպես միակ հեգեմոն։ Նույնատիպ մոտեցում է դիտարկվում նաև Իրանի և Վենեսուելայի դեմ գործողությունների նկատմամբ։
Իրանի դիրքորոշումը, որը հաճախ ներկայացվում է որպես «կարմիր գծերի» բացակայություն, իրականում Թեհրանի կողմից իր գոյության խնդիրը լուծելու փորձ է։
ԱՄՆ-ն և Իսրայելը, պատերազմը սկսելով, ունեցել են միայն «պլան Ա»՝ փորձել են Իրանի ղեկավարությանը գլխատել, ակտիվացնել դժգոհ զանգվածներին և հասնել իշխանափոխության։ Սակայն, ինչպես խոստովանել են Թրամփը և Նեթանյահուն, այդ սցենարը չաշխատեց։ Իշխանափոխությունը ենթադրում էր երկրի ներքին և արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, ինչը չստացվեց։
Այսօր ԱՄՆ-ն և Իսրայելը չունեն հստակ պատկերացում, թե որքան կարող է շարունակվել պատերազմը և ինչ ելք կունենա այն։ Նույնիսկ պատերազմի նախաձեռնողները չեն կարող հստակ պատասխան տալ, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։
Այս անորոշությունը դրսևորվում է նաև դիվանագիտական քայլերում։ ԱՄՆ նախագահի կողմից Ռուսաստանի նախագահին դիմելը՝ խնդրելով միջնորդ դառնալ պատերազմը կանգնեցնելու համար, ցույց է տալիս, որ նախկինում առաջնային համարվող ռեժիմի փոփոխության խնդիրը հիմա երկրորդական է։ Իրական առաջնային խնդիրը պայմանավորվելն է։ Սակայն Իրանը չի գնում բանակցությունների, քանի որ 2025-2026 թվականներին, երբ արդեն որոշակի պայմանավորվածությունների էին հասնում, հենց այդ պահին սկսվեց պատերազմը։