Երկու տարի առաջ ոչ ոք չէր լսել Պետեր Մադյարի մասին։ Այս ընթացքում նա կառուցեց ամենամեծ ընդդիմադիր ուժը և ընտրություններում ջախջախեց Վիկտոր Օրբանի կուսակցությունը։
Իմ կարծիքով, Մադյարի հաջողության գրավականը ոչ թե հայտնի քաղաքական գաղափարներն էին, այլ նրա հմուտ աշխատանքը հանրության վրա, որը թույլ տվեց նրան վաստակել հավատ և հեղինակություն։
Նա երկար տարիներ աշխատել է որպես դիվանագետ Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունում, այնուհետև զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ Ուսանողական վարկերի կենտրոնում և պետական ընկերություններում։ Նա նաև ղեկավարել է Հունգարիայի զարգացման բանկի իրավաբանական բաժինը։ Սակայն նա չէր կարողանում ավելի բարձր դիրք գրավել։
Մադյարը, ինչպես նշվում է, սուր լեզվով մարդ էր, չէր ճանաչում հեղինակություններ և ունեցել է անկախ ու հավակնոտ բնավորություն։
2023-ին նա բաժանվեց իր կնոջից, ով Օրբանի կառավարության արդարադատության նախարարն էր։ Նախապես գաղտնի ձևով ձայնագրելով նրանց զրույցներից մեկը, որում իր կինը նկարագրում էր, թե ինչպես են պետական պաշտոնյաները միջամտել կոռուպցիայի գործին, Մադյարը ստիպված հրաժարվեց իր պաշտոնից։
Այս իրադարձությունը դարձավ նրա քաղաքական կարիերայի կտրուկ կետը։ Երբ Օրբանին քննադատում էին իր քաղաքական հակառակորդները, դա հանրության վրա մեծ ազդեցություն չէր թողնում։ Իսկ երբ դա սկսեց կատարել Մադյարը, ով Օրբանի թիմից էր երկար տարիներ, ապա նրա քննադատությանը հանրությունը հավատաց։
Մադյարը զգաց, որ մարդիկ իրեն հավատում են։ Եվ նա իր այդ հնարավորությունը չկորցրեց։ Նա որոշեց շրջել անձամբ ողջ երկրով մեկ և ներկայացնել իր առաջարկները հանրությանը։ Իր այդ ծրագրի մեջ նա ներառեց թատերական գործիչների, որոնք կարողանում էին մարդկանց առաջ գեղեցիկ հանդես գալ։
Նա այցելեց ավելի քան 500 բնակավայր՝ անձամբ շփվելով շարքային քաղաքացիների հետ։ Բացի այդ, նա իր ընկերների հետ քայլելով գնաց մայրաքաղաքից դեպի հեռավոր գյուղեր և նույնիսկ հարևան Ռումինիա՝ այնտեղ նույնպես շփվելով հունգարացի փոքրամասնության ներկայացուցիչների հետ։
Այս ամենի արդյունքում Մադյարին հաջողվեց համախմբել իր շուրջ ազդեցիկ դեմքերի տարբեր խավերից և կուռ կառույց ստեղծել։
Մադյարի ողջ ընտրարշավի հիմնական մեխը սոցիալական խնդիրներն էին։ Մարդիկ տեսան, որ վերջապես իրենց կարիքներով հետաքրքրվող կա։ Երբ նրան հաջողվեց արդեն ձևավորել համահունգարական կուսակցություն, միայն դրանից հետո, նա սկսեց խոսել արտաքին օրակարգերի մասին՝ հիմնականում փորձելով հակադրվել Օրբանին։
Այսինքն, Մադյարը, ոչ թե իսկզբանե ազգային օրակարգով էր հանդես գալիս, այլ խոսում էր մարդկանց փոքր հոգսերի մասին։ Նա կարողացավ ներքևից ստանալ աջակցություն ժողովուրդի կողմից և հետո իր օրակարգը փոխլրացրեց արտաքին հարցերով։
Ընդ որում, երբ արդեն նա վաստակել էր հեղինակությունը հանրության մեջ, նրան մնում էր ընդամենը հակադրվել Օրբանին արտաքին օրակարգերի հարցերում, և դրանով իսկ արդեն նաև դարձավ նրա այլընտրանքը, արդեն Հունգարիայից դուրս։
Իրականում Մադյարին քիչ են հետաքրքրում Ռուսաստանի և ԵՄ-ի հակադրությունները։ Այդ իսկ պատճառով, նա կտրուկ քայլերի չի դիմի, մանավանդ, որ արտաքին հարցերում Մադյարը մեծ փորձի չի տիրապետում։ Ըստ փորձագետների՝ նա ձեռքի հետ է սովորելու հարաբերվել Մոսկվայի և Բրյուսելի հետ, գտնելով այս հարցում իր երկրի համար նպատակահարմար է հավասարակշռություն պահելը։