Վերջին օրերին աշխարհաքաղաքական ասպարեզում տեղի ունեցած իրադարձությունները, հատկապես ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի այցը տարածաշրջան, ցույց են տալիս աշխարհամտածողության և ռազմավարական հաշվարկների խորը փոփոխություն։ Այս այցը, որը պաշտոնապես ներկայացվում է որպես հարաբերությունների ամրապնդում, իրականում ծառայում է ավելի խորը և բարդ նպատակների։
Պետք է նշել, որ այս այցը վաղուց էր ծրագրված և նպատակ էր հետապնդում միս ու արյուն տալ այն պայմանավորվածություններին, որոնք կնքվեցին անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Թրամփի, Փաշինյանի և Ալիևի կողմից։ Իրականում դա ոչ թե ստորագրում էր, այլ նախաստորագրում էր՝ ապագա խաղաղ պայմանագրի համար։
Այս պայմանագրի գլխավոր իմաստը Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի հարցի լուծումն է։ Թուրքիան երկար տարիներ շարունակ համոզում էր ամերիկացիներին, որ Ադրբեջանը կարող է լուրջ դերակատարում ունենալ ԱՄՆ-ի համար, եթե կարողանա անմիջական կապ ունենալ Նախիջևանի և, վերջինիս միջոցով, նաև Թուրքիայի հետ։ Այդ քայլով, ինչպես նշում էին թուրք վերլուծաբանները, Ադրբեջանը կազատվի Իրանի և Ռուսաստանի կապանքներից և կկարողանա ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել։
Արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ կնքվեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Ադրբեջանը հույս ստացավ, որ կկարողանա այդ կապն ունենալ և ազատվել Իրանից կախվածությունից։ Սակայն ԱՄՆ-ին և ԵՄ-ին դա շահավետ չէր։ Նրանց պետք էր, որ Ադրբեջանը չունենա կախվածություն ո՛չ Իրանից, ո՛չ էլ Ռուսաստանից։ Հենց այդ պատճառով նրանք Փաշինյանի միջոցով փաստացի լուծարեցին այն, ինչ մնացել էր Արցախից 2020 թվականի պատերազմից հետո, իսկ դրանից հետո նույն Փաշինյանի միջոցով Ադրբեջանին տվեցին այդ բաղձալի հնարավորությունը՝ կապ հաստատել Նախիջևանի հետ։
ԱՄՆ-ի այս քայլի հետևում կանխատեսելի ռազմավարական հաշվարկներ են։ Բանն այն է, որ ԱՄՆ-ն վերացրել է 907 բանաձևը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին, և այժմ նպատակ ունի Ադրբեջանին դարձնել տարածաշրջանի իր գլխավոր ռազմավարական գործընկերը։ Որպես հենակետ դիտվում է նաև Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի դերակատարումը։ Ըստ ամերիկացիների՝ Թուրքիան և Ադրբեջանը պիտի կարողանան իրար հետ փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական բալանսը։
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այս նոր կոնֆիգուրացիայի պայմաններում այն դառնում է ավելորդ օղակ, որի վերացումը ժամանակի խնդիր է։ Իհարկե, մինչև այդ հայ քաղաքականներին կկերակրեն գեղեցիկ ծրագրերով (9 մլրդ, 18 մլրդ), ինչպես որ ժամանակին, Փաշինյանն էր խոստանում արցախցիներին՝ Ստեփանակերտի հրապարակում։
Այս իրադարձությունները հիշեցնում են պատմության այն էջերը, երբ նույն ԱՄՆ-ն, 100 տարի առաջ, խոստացավ Հայաստանին աջակցել Թուրքիայի դեմ պատերազմում՝ պայմանով, որ Երևանը չէր համագործակցի բոլշևիկյան Ռուսաստանի հետ։ Հայերն այն ժամանակ համաձայնվեցին և կանգնեցին կոտրած տաշտակի առջև, երբ պարզվեց, որ թուրքական ներխուժամը ամերիկացիները չէին կարող զսպել։ Հետո նույն ԱՄՆ-ն Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության եկան Լոզանում Աթաթուրքի հետ, իսկ Հայաստանը դրա արդյունքում կորցրեց Նախիջևանն, Արցախը ու Կարսը։
Արդյունքում մենք այն ժամանակ կորցրեցինք վերը նշված տարածքները, սակայն 100 տարի անց որևէ հետևություն չարեցինք։ Որովհետև հայ քաղաքական վտանգը չզգացինք և չհասկացանք, որ հանրային արժեքները մոնետիզացնելով ոչնչի չենք հասնի։ Սակայն այսօր մենք իրավունք չունենք նույն սխալը կրկնելու, քանի որ 21 դարում այլևս ոք մեր նոր սխալի համար նոր նվեր չի տա։
Այսպիսով, ԱՄՆ-ի այս քայլը պետք է դիտարկել որպես աշխարհաքաղաքական խաղի մաս, որտեղ յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանում է։ Մենք էլ մեր կողմից պիտի մեր շահը առաջ քաշենք, մանավանդ, որ մենք էլ այս աշխարհում միայնակ չենք։ Սակայն դրա համար առաջին հերթին պետք է փոխել այս իշխանությունը, որպեսզի կարողանանք կրկին դառնալ գործոն, որի հետ հաշվի կնստեն հիմնական կենտրոնները։