«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը. Ուժերի համախմբումը և նոր սկիզբը

Ամիսներ առաջ ես հայտարարեցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկի մասին՝ համոզված լինելով, որ պետությունները վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։ Սա վերկուսակցական նախաձեռնություն է, որը կառուցվելու է մեր քաղաքացիների մասին և նրանց մասնակցությամբ։

Մեր նպատակն է համախմբել մեր քաղաքացիների, ոլորտային լավագույն մասնագետների, գործիչների, հանրային դեմքերի, սրտացավ ու կարող մարդկանց գաղափարները՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու և հետպատերազմյան վերականգնման միասնական ուժով։

Ես պատկերացնում եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը որպես Նոյյան տապան։ Միայնակ փրկվել հնարավոր չէ։ Ոչ մի անհատ, ոչ մի կուսակցություն, ոչ մի դաշինք միայնակ չի կարող մեծ արդյունքի հասնել։ Մեր խնդիրներն այնքան խորն են, վիճակը՝ այնքան բարդ, որ այլ մոտեցում է պետք։ Եթե ուզում ենք դուրս գալ այս իրավիճակից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, բարեկեցիկ, բարգավաճ Հայաստան ունենալ, ապա պետք է ստեղծենք պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, որտեղ հարգի են գիտելիքը, սկզբունքները, մարդկային որակները և պատրաստակամությունը՝ թեկուզ անձնապես տուժել, բայց օգնել երկրին։

Ես մտադիր եմ իսկապես քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները, գաղափարները, լուծումները, որտեղ ամեն մարդ կգտնի իր անելիքը, իր տեղը, երկրին օգուտ տալու իր ձևը։

Ինչպես Նոյը տեսավ փրկության և վերածննդի ճանապարհը, նույնը մենք պիտի փորձենք անել այսօր։ Ես անելու եմ այնպես, որ բոլոր ունակ մարդիկ, կամք, սկզբունքներ ունեցող, աշխատելու ցանկություն ունեցող գործիչներն ունենան իրենց կարևոր տեղն այն թիմում, որն ընտրությունների կգնա «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

Խնդիրները շատ են, ծանր են, բայց մենք դրանց պիտի նայենք որպես փորձություն, որը մեզ այս կյանքում տրվել է հաղթահարման համար։ Եթե պիտի վախենանք մեր սեփական երկրի խնդիրները լուծելուց, ապա ո՞ւմ ենք դրանք թողնում։ Մենք կարող ենք և պարտավոր ենք դրանք լուծել։ Ուժերի համախմբումը, իրար լսելու ունակությունը, ներքին համերաշխությունը, կարող-ունակ մարդուն գնահատելու մեր վճռականությունը կբերեն լուրջ արդյունքների։

Այս հայտարարությունն ես արել եմ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ Ասել եմ՝ ձերն է ապագան, դուք եք երկրի տերը՝ ձեր փայլուն առաջարկներով, ձեր խանդավառությամբ, ձեր՝ երբեք չկոտրվելու վճռականությամբ։ Եկե´ք, կպեք գործին։ Նույնն այսօր ասում եմ լայն շրջանակներին։ Եթե ունեք ցանկություն, պատրաստակամություն՝ դժվար աշխատանքի, ընդունում եք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարները, պատրաստ եք ձեր առաջարկներով և ներկայությամբ ուժեղացնելու այդ ծրագիրը, ապա ես պատրաստ եմ համատեղ աշխատանքի։

More From Author

Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում բնակչությունը հեռացել է ադրբեջանական վերահսկողության շրջանից

Երևանում ասֆալտը խայտառակ վիճակում է, իսկ իշխանությունը «ձեռքբերում» է համարում ցելոֆաններով կոշիկները