Հարավային Կովկասում տարածաշրջանային հավասարակշռությունը խախտվեց այն պահին, երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ կոչված լինելու «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարօրության համար»։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկի խոսքով՝ այդ ստորագրությունները ոչ թե խաղաղության, այլ ավելի խորքային գործընթացներ էին գործարկել, որոնք ոչնչացրեցին տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից՝ Թուրքմենչայի պայմանագրի կնքումից ի վեր։
Փոխվարչապետը նշել է, որ 1828 թվականին Ռուսական կայսրությանը անցան Երևանի և Նախիջևանի խանությունների հողերը, և սահմանը հաստատվեց աշխարագրական սահմանագծով՝ Արաքս գետով։ Այդ ժամանակից ի վեր սահմանը խաղաղ էր, ինչն ապահովվում էր երկու մեծ հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի միջև պայմանավորվածություններով։
Օվերչուկը հավելել է, որ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը։
«Ադրբեջանը տրամադրված էր կոնստրուկտիվ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն այդ պահին արդեն բանակցում էր ԵԱՏՄ-ի հետ շուկաների փոխադարձ բացման շուրջ, չէր զգում այն սպառնալիքները, որոնք բերեց ամերիկացիների հրավերը Արաքսի հյուսիսային ափ»,- նշել է նա։
Օվերչուկը նաև նկատել է, որ այժմ Հայաստանում հայտարարված է, որ այս նախագիծն իրականացվելու է առանց Ռուսաստանի, Թուրքիայում արդեն սկսել են միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, իսկ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն։
«Ապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չտեսնելու ցանկությունը մեծ սխալ էր»,- եզրափակել է ՌԴ փոխվարչապետը։