Վերջին շաբաթներին նկատելի է դարձել, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի հիմնարար սկզբունքները՝ երաշխավորված խաղաղության և ներքին համերաշխության գաղափարները, ակտիվորեն ընդունվել և օգտագործվում են այլ քաղաքական ուժերի կողմից՝ դրանք ներառելով իրենց հանրային ելույթներում։ Սա խոսում է համագործակցության և առողջ ուժերի միավորման իրական հնարավորության մասին, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է նախընտրական շրջանում։
«Առաջարկ Հայաստանին» նախագիծը, որը մեկ ամսվա կամ մեկ ընտրության հասկացություն չէ, այլ ազգային-պետական վերականգնման համակարգված մոտեցում է, իմ համար հետաքրքրություն է ներկայացնում հենց իր ամբողջականությամբ։ Այն առաջարկում է ոչ թե պարզապես լուծումներ, այլ հայեցակարգ՝ հաշվի առնելով հետպատերազմյան Հայաստանի բոլոր մարտահրավերները։
Այս պայմաններում առավել կարևոր է միջընտրազանգվածային երկխոսությունը և հանրային մթնոլորտի փոփոխությանն ուղղված ռազմավարական քայլերը։ Դա բեկումնային պահ է, որը կարող է դառնալ միասնական գաղափար, եթե ընդդիմադիր ուժերը կենտրոնանան ոչ թե մեկը մյուսին ոչնչացնելու, այլ համախմբելու իրենց ռեսուրսները։
Մենք պետք է հաշվարկենք հնարավոր սցենարները՝ ոչ թե հիմնվելով այս կամ այն ուժի հնարավոր իշխանական բռնաճնշումների վրա, այլ՝ ստեղծելով սեփական, դրական հաշվարկներ։ Իրական նպատակը պետք է լինի նոր, սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերի միջոցով։
Այս գործընթացում շատ կարևոր է հրաժարվել հայկական էգոցենտրիզմի որակներից։ Ոչ մի անհատ, ոչ մի կուսակցություն, ոչ մի առանձին ուժ չի կարող միայնակ լուծել երկրի խնդիրները։ Սոլիդ իշխանությունը նշանակում է միասին աշխատելու, համակեցության և համագործակցության իրական կարողություն։
Սա նշանակում է նաև սոլիդ նախընտրական պայքար։ Ընտրողին ուղղված ազդակը ոչ թե ընդդիմադիր ուժերի միմյանց նկատմամբ վիրավորանքն է, այլ՝ նրանց համախմբված ուժը, որը վստահություն է ներշնչում։ Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ունակ են ձևավորել ամուր, վստահելի իշխանականություն։ Երբ ընդդիմադիր ուժերը ցույց են տալիս, որ կարող են համագործակցել, նրանք ավելի վստահելի են դառնում ընտրողի համար։