Պետական համակարգի աշխատակիցներին պարգևավճարների համակարգը փոխվել է

Հայաստանի պետական կառավարման համակարգի աշխատակիցներին պարգևավճարների տրամադրման ձևաչափը ենթարկվել է փոփոխության։ Իշխանությունները, փորձելով խուսափել տարեվերջի սկանդալներից, որոնք առաջանում էին բարձրաստիճան պաշտոնյաների միանվագ, բայց խոշոր պարգևատրումների պատճառով, դրանք բաժանել են ամսական վճարումների։

Այս փոփոխության մասին տեղեկացել են իմ աղբյուրները Ազգային ժողովում։ Ըստ այդ տեղեկությունների՝ պատգամավորներին մարտ ամսվա համար վճարվել է շուրջ 670 հազար դրամի պարգևավճար։ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400 հազար դրամ։

Իսկ գործադիր իշխանության համակարգում պարգևավճարների չափերը զգալիորեն բարձր են։ Նախարարներին, փոխնախարարներին, վարչության և բաժնի պետերին ամսական վճարվում է 3 մլն դրամից սկսող գումար։

Այսպիսով, բարձրաստիճան պաշտոնյաները աշխատավարձին զուգահեռ ամեն ամիս կստանան այսպիսի մեծ գումարներ՝ որպես աշխատավարձի բաղկացուցիչ մաս։ Այս նախագիծը հաստատված է միայն 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար՝ մինչև ընտրություններ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 12-ի նիստում հաստատել է 4.6 մլրդ դրամի նախագիծ՝ «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում»։ Պարզվում է, որ պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորված միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը պետբյուջեի հաշվին կատարվում է սոցիալապես բավականին ծանր վիճակում գտնվող երկրում, որտեղ աղքատության մակարդակը 2024 թվականին կազմել է 21.7 տոկոս։

Այս համակարգի մասին առաջին հերթին տեղեկացել էինք 2025 թվականի վերջին, երբ Նիկոլ Փաշինյանը ստացել էր 12 մլն դրամի պարգևավճար՝ չհաշված մոտ 2 մլն դրամ աշխատավարձը։

More From Author

Արշակ սրբազանի գործով դատական նիստը կկայանա վաղը

ՄԱԿ-ը. Իրանի և Իսրայելի հակամարտության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 2100-ից ավելի երեխա